Հարկավոր է բարձրացնել հայ ժաղովրրդի ազգային ինքնագիտակցությունը։ Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնել է հոգեբանական գիտությունների թեկնածու, հոգեբան Կարինե Նալչաջյանը։

Նրա խոսքով, հայ ժաղովրդի ազգային ինքնագիտակցության բացակայության պատճառը ազգային մշակույթից հեռանալն ու օտար սովորույթների ձգտելն է։ 

«Մշակույթն ինչ-որ առումով ազգության պաշտպանության գործառույթ ունի։Երբ մենք առճակատվում ենք աղավաղումների, գիտակցում ենք, որ անհրաժեշտ է մշակութային լուրջ քաղաքականություն վարել, այլապես կկորցնենք օնթոլոգիական ռեսուրսները», - կարծում է Կարինե Նալչաջյանը։

Խոսելով կրթության եւ գիտության մասին՝ հոգեբանը հիշեցրել է, որ 5-րդ դարում հայ ժողովուրդը ոչնչացման վտանգի տակ էր, միայն գիտության շնորհիվ հաջողվեց փրկվել։ Հոգեբանը հատկապես նշել է, որ Հայաստանը կրթական հարուստ ավանդույթներ ունի, սակայն վերջերս դրա նկատմամբ հետաքրքրությունը զգալի նվազել է։

«Կան դպրոցներ, բուհեր: Արտասահմանում լավ փորձ կա, կբերենք, կդարձնենք մերը, կկատարելագործենք համակարգը: Սակայն մենք հայտարարել էինք, որ այն երիտասարդները, ովքեր կրթություն կստանան արտասահմանում, վերադառնալով՝ լավ պաշտոններ կզբաղեցնեն: Նման հայտարարություններն, իհարկե, անտեղի են: Մենք տարբերություն ենք դնում Հայաստանի եւ Արեւմուտքի միջեւ, այն դեպքում, երբ նման երիտասարդներն արդեն ներգրավված են օտար մշակույթում: Ինչ անեն այն երիտասարդները, որոնք գիտակցում են, որ հայրենիքում հաջողության չեն հասնի, քանի որ իրենք արտասահմանում չեն դիպլոմ ստացել: Նման քաղաքականությունն անտեղի է: Ահա ձեզ արտագաղթի քաջալերման աղբյուր», - հայտարարել է Կարինե Նալչաջյանը՝ ընդգծելով, որ չի կարծում, թե այդ ամենը միտումնավոր է արվում, սակայն վստահ է, որ խնդրին պետք է համալիր մոտեցում ցուցաբերել: