Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը 164 հազար դրամ գումարի համար դատի է տվել գործարար Արայիկ Հայրապետյանին` Լավանդայի Արայիկին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գործարար Արայիկ Հայրապետյանը:
Նրա խոսքով, ինքը փորձում է անձամբ բանակցություններ վարել Միրզախանյանի հետ, սակայն ապարդյուն: «Մենք դեռ վաղուց ծանոթ ենք, իրար շատ լավ ճանաչում ենք, 10 մետր հեռավորության վրա ենք նստում, հարեւան ենք: Բայց, ոչ մի կերպ չի ուզում գնալ բանակցության: Անձամբ եմ զանգել: Անգամ զանգել եմ քարտուղարուհուն, ասել` միացրեք իրեն, մարդը չի ուզում հանդիպել: Այստեղ ավելի շատ պոպուլիստական բան կա, քան հարցի լուծումը, քանի որ այս հարցը երկու հարեւանի միջեւ շատ պուճուր, մանր հարց է: Երեւան քաղաքում, Հայաստանի մեջ ունենք տարբեր սեփականություններ, որտեղ առաջացած նման խնդիրները մի քանի րոպեում են լուծում»,- նշեց Հայրապետյանը:
Հիշեցնենք, որ Մանկավարժական համալասրանի ղեկավարությունը նրան մեղադրում է, որ համալսարանի շենքի առաջին հարկում «Լավանդա» դեղատանն ընթացող վերանորոգման աշխատանքների ընթացքում վնասվել էին բուհի խողովակները, ինչի պատճառով էլ դադարեցվել էր բուհի ջեռուցումը։ Արայիկ Հյարապետյանի խոսքով, այդ 50 տարվա խողովակը անցել է իր տարածքի մեջով, որը փտած է եղել: «Ես չեմ նորոգել, քանի որ դա իրենց սեփակնությունն է, իրենք պետք է վերանոգեին:Մենք իրենց առաջարկել ենք տեղափոխել: Իրենք անձայն տեղափոխել են, հետո ինչ-որ աղմուկ են հանում եւ 164 հազար դրամի համար մտել են դատարան»,- ասաց Արայիկ Հյարապետյանը: Հարցին, թե պատրաստվում է այդ գումարը վճարել, ասաց, որ դատարանը ոնց որոշի, այնպես էլ կանի:

























