Ֆրանսիայի զինուժի մարտական վերջին ստորաբաժանումները լքել են Աֆղանստանը։ Բելֆորյան 35-րդ հետեւակային գնդի մոտ 200 զինծառայողներ, որոնք ֆրանսիական զորակազմի դուրսհանման ժամանակ պատասխանատու էին անվտանգության ապահովման համար, հեռացել են Քաբուլից։

Զինծառայողներին բարձր լեռնային պայմաններում երկար մնալուց հետո սպասվում  է եռօրյա վերականգնողական կուրսեր Կիպրոսում, որից հետո նրանք կարող են վերադառնալ հայրենիք, հաղորդել է «Ուտրո.ռու»-ն։

«Khaama Press»-ի տվյալներով՝ Աֆղանստանում այժմ մնացել է մոտ 1,5 հազար ֆրանսիական զինծառայող, որոնք տեղակայված են հիմնականում Քաբուլում եւ կատարում են ոչ մարտական խնդիրներ։

Այսկերպ Ֆրանսիան ավարտեց իր մասնակցությունը Աֆղանստանի անվտանգությանը աջակցելու Միջազգային ուժերի ռազմական գործողություններին՝ ժամկետից երկու տարի շուտ։ Աֆղանական տարածքներից ֆրանսիական զինվորների արագացված դուրսբերումը նախագահ Ֆրանսուա Օլանդի նախընտրական խոստումներից մեկն էր։