Եգիպտոսի բարձրագույն ընտրական հանձնաժողովը նոր սահմանադրության հանրաքվեում քվեարկության ժամկետը 2 ժամով՝ մինչեւ տեղական ժամանակով ժամը 21.00-ն երկարացնելու որոշում է կայացրել։

Որոշման նպատակը բոլոր եգիպտացիներին քվեարկելու հնարավորություն ընձեռելն է։

Regions.Ru-ն հայտնում է, որ հանրաքվեն անհանգիստ է անցնում։ Կահիրեից 300 կմ հարավ գտնվող ընտրատեղամասում փոխհրաձգություն է տեղի ունեցել։  Մանֆալութ քաղաքում հակամարտող երկու ցեղեր զենքի կիրառմամբ հարաբերություններ են պարզել։ Մեկ մարդ զոհվել է, երկուսը վիրավոր են։

Կարմիր Մահիկի դպրոցում, որտեղ զինված բախում է տեղի ունեցել, քվեարկությունն ընդհատվել է։ Կրակոցներ են հնչել նաեւ Էլ Մահալա, Էլ Քուբրա քաղաքներում։

Ընդ որում, քվեարկությանը մասնակցության տոկոսը շատ բարձր է, արդեն տասնյակ խախտումներ են գրանցվել։ Ընտրատեղամասերից մեկում հերթ կանգնած բնակիչներին արգելել են երկրի գլխավոր իրավական-նորմատիվ հիմնական ակտի նախագծի քննարկումը։ Մեկ այլ տեղամասում քվեաթերթիկներով լի քվեատուփ են գտել։ Շատ ընտրատեղամասեր ուշացումով են բացվել եւ մինչ այժմ չեն գործում։ «Մահմեդական եղբայրների» ակտիվիստները մի քանի վայրերում սահմանադրության օգտին բացահայտ քարոզչություն են իրականացնում։