Դեռ հայտնի չէ, թե երբ Հայ ազգային կոնգրեսը կհայտարարի նախագահական ընտրություններին իր մասնակցության ձեւաչափի մասին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  ՀՀՇ վարչության նախագահ, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նա հույս ունի, որ հայտարարությունը կլինի մինչեւ դեկտետմբերի 22-ը կայանալիք ՀՀՇ համագումարը:

Հարցին, թե այս դեպքում մտավախություն չունեք, որ ժամանակը ՀԱԿ-ի դեմ կաշխատի, նա պատասխանեց, որ «խելոք վարվելու դեպքում ժամանակը միշտ աշխատում է խելոքի օգտին», եւ իր կարծիքով` իրենք խելոք են վարվում:

«Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի մասնակցենք մեր թեկնածուով եւ մասնակցենք ոչ թե մասնակցելու, այլ հաղթելու համար»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ՀԱԿ անդամներից մեկի` Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը առաջադրելու առաջարկին, ապա Արամ Մանուկյանը նշեց, որ իրենք հարգում են բոլոր կարծիքները, բայց ՀԱԿ-ը ունի որոշում գործընթացի ղեկավարման պրոցեսը հանձնել Լեւոն Տեր-Պետրոսյանին: «Մեր թեկնածուն Լեւոն Տեր-Պետրոսյանն է, եւ ընդհանրապես բանակցային ողջ գործընթացը իրականացնում է Լեւոն Տեր-Պետրոսյանը«,- ասաց նա: Պատգամավորը վստահ է, որ հայ ժողովրի առաջ ծառացած ծանր խնդիրը կարող է լուծել Լեւոն Տեր-Պետրոսյանը: