Սանկտ Պետերբուրգում ազգայնականների արտոնված երթի ընթացքում 25-ից ավելի մարդ է ձերբակալվել։

Հանրահավաքի մասնակից Նիկոլայ Բոնդարիկը «Ինտերֆաքսին» հայտնել է, որ իրենց ձերբակալել են կամրջի վրա, առանց պատճառը բացատրելու։ 26 մարդ տեղափոխվել է ոստիկանական բաժանմունք, նրանց մեջ նաեւ անչափահասներ կան», - ասել է նա։

 Պետերբուրգում դեկտեմբերի 15-ին արտոնված երկու հանրահավաք էր նախատեսված։ Մասնակիցներն առանձին խմբերով մետրոյի «Գորկովսկայա» կայարանից շարժվում էին դեպի Մարսի դաշտ։

Առաջին խմբի երթի մասնակիցները հակակառավարական եւ «Փրկել մայիսի 6-ի բանտարկյալներին» կարգախոսներով պաստառներ են ունեցել, ոմանց հագուստին ժապավեններ են կապված եղել։

Նրանց ձեռքին նաեւ Ռուսաստանի եւ Սանկտ Պետերբուրգի դրոշներ կային։ Երկրորդ երթի մասնակիցները կայսերական դրոշներով էին եւ ազգայնական կարգախոսներ էին կրկնում։

Միջոցառումը մեծ թվով ոստիկաններ էին վերահսկում։