Մարսը երկրորդ Երկիր վերածելու գաղափարը ֆանտաստիկ վեպերից աստիճանաբար տեղափոխվում է տեսական աշխատություններ, գործընթացն անգամ անվանում է ստացել՝ «տերրաֆորմինգ»։

Այս շաբաթ ամերիկյան մամուլում հայտնվել էին NASA-ի Մարսի գծով փորձագետ Քրիս Մաքքեյի առաջարկները։

Ըստ նրա, «որպեսզի Մարսում խնձորենիներ ծաղկեն», նախ պետք է ջերմաստիճանը բարձրացնել եւ միջավայր ստեղծել, որից խնձորենիները կկլանեն ածխաթթու գազը եւ թթվածին կարտամղեն։ Դրա համար Մարսում գլոբալ տաքացում է պետք կազմակերպել։

Մաքքեյն առաջարկում է ջերմաստիճանի բարձրացման կատալիզատոր դարձնել ջերմոցային գազեր արտադրող ֆաբրիկաները։ Այդ ֆաբրիկաները Մարսի հողից եւ մթնոլորտից ստացված քիմիական միացություններից կօգտվեն։

Մաքքեյի հաշվարկներով՝ նման 100 ֆաբրիկաներ 100 տարի անընդհատ աշխատելով կարող են Մարսի ջերմաստիճանը բարձրացնել 6-8C-ով։ Դրանից հետո տաքացման գործընթացը կստանձնի Մարսը, գրում է gazeta.ru-ն։

Բայց պետք է ոչ միայն մթնոլորտ ստեղծել, այլեւ այն պահպանել։ Մարսը կորցրել է իր գազային ծածկույթը, քանի որ այնտեղ մագնիսական դաշտ չկա, եւ արեւային քամին ցրել է մթնոլորտը։ Հայտնի չէ, թե ինչպես այս խնդիրը կլուծեն «տերրաֆորմերները»։