ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան պատրաստ է ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինին իր ձեռքով պատրաստած gnocchi` խմորագնդիկներ հյուրասիրել: Նման անսպասելի խոստովանություն Պենտագոնի ղեկավարն արել է «Էսկվայր» ամսագրին տված հարցազրույցում` անդրադառնալով իր նախընտրություններին եւ ճաշակներին:

«Եթե ես Կիմ Չեն Ինին ընթրիքի հրավիրեի, ես նրա համար մի ափսե gnocchi կպատրաստեի: Մենք մի գավաթ գինի կխմեինք, եւ ես կփորձեի հասկանալ, թե ինչ կա նրա գլխում, ինչ է նա մտածում»,-ասել  է Պենտագոնի ղեկավարը:

Պանետայի խոսքով, նախկին նախագահ Ջորջ Բուշը ժամանակին իրեն բացատրել է, որ արտասահմանյան առաջնորդների հետ շփումներում «ամենակարեւորը ցույց տալն է, թե ինչու է  ճիշտ վարվելը բխում հենց նրանց սեփական  շահերից»: Եթե դա հաջողվում է, ապա «ինչ-որ բան շարժվում է, եւ կարելի է հասնել նարն, ինչի ցանկանում ես»: