Ուկրաինայի Խարկով քաղաքի կենտրոնական Մոսկովյան պողոտայի 16-հարկանի շենքերից մեկում պայթյուն է որոտացել, որի հետեւանքով, նախնական տեղեկությունների համաձայն, զոհվել է երեք հասուն մարդ եւ մեկ տարեկան մի երեխա, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:
Մեծահասակները զոհվել են պայթյունից հետո 10-րդ հարկից ցած նետվելու հետեւանքով: Պայթյունը որոտացել է շենքի հենց 10-րդ հարկի բնակարաններից մեկում: Մեկ տարեկան երեխան զոհվել է հիվանդանոցի ճանապարհին:
Ինչպես հաղորդում է Vesti.ru-ն, նախնական վարկածով, բնակարաններից մեկում գազի բալոն է պայթել, որի ալիքից փլվել են բետոնե պատնեշները: Այրվել է 5 բնակարան, բնակիչներին ժամանակավորապես տեղավորել են հյուրանոցներում:
Հզոր պայթյունի ձայնը լսվել է նաեւ հարեւան փողոցներում:
Կրակը վայրկենապես տարածվել է եւ մինչ հրշեջների ժամանելն արդեն այրվել են երեք՝ 9-11-րդ հարկերը:
Ականատեսների վկայությամբ, երեխան գրկին ամուր սեղմած կինը վայր է ընկել մեջքի վրա, որպեսզի հարվածն ընդունի իր վրա եւ փրկի երեխային, սակայն վերջինիս եւս փրկել չի հաջողվել:


























