Հունաստանն ավարտել է Թուրքիայի հետ սահմանին տասկիլոմետրանոց պատի կառուցումը:  Այն կոչված է երկիրը թուրքական կողմի ապօրինի ներգաղթյալների հոսքից պաշտպանելու համար:

Deutsche Welle-ը հաղորդում է, որ պատի կառուցումը սկսվել է մայիսից եւ արժեցել է 3,16 միլիոն եվրո: Պատը սահմանի երկայնքով ձգվել է 10,4 կմ: Այն  համալրված է տասնյակ տեսախցիկներով, զգայուն հաղորդիչներով եւ պաշտպանված է ավելի քան 370 հազար մ փշալարով: 

Փորձագետները նշում են, որ Թուրքիան Ասիայի եւ Աֆրիկայի բնակիչների համար դարձել է Եվրոպա ապօրինի մուտք գործելու դարպաս: Ըստ Հունաստանի ՆԳՆ-ի հաշվարկների` ներգաղթյալների հոսքը կազմում է տարեկան մինչեւ 130 հազար մարդ, գրում է rbc-ն:

Еurosmi.ru-ն նշում է, որ այժմ նեգաղթյալները պետք է կամ  գրոհեն պատը, որը կվերահսկվի Frontex առաքելության հունական եւ եվրոպական սահմանապահների կողմից, կամ էլ տեղափոխվեն Մարիցա գետով: Սակայն ներգաղթյալներն արդեն ընտրել են  երրորդ ուղին` վտանգավոր ճանապարհ նեղուցների միջով, որոնք Թուրքիայի ափերը առանձնացնում են հունական կղզիներից:

Այդ ճանապարհին ապօրինի ներգաղթյալներն արդեն կրել են առաջին կորուստները: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ին ներգաղթյալների նավակը շրջվել էր հունական Լոսբոս կղզու մոտ: Ըստ վերջին տվյալների` զոհվել է 20 մարդ, եւս ութը` անհետ կորել: