Համացանցում հայտնված ՀԱԿ համակարգող եւ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի ու նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի գաղտնալսված զրույցից հետո օրակարգային է դառնում, որ ՀԱԿ-ում լուրջ փոփոխություններ տեղի ունենան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԱԿ անդամ «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:

Նրա խոսքով, դա անհրաժեշտություն է եւ օրակարգի գլխավոր խնդիր է դառնում: Հարցին, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի աջ ձեռքն այլեւս Լեւոն Զուրաբյանը չի լինի, Գիմիշյանը պատասխանեց. «Չգիտեմ դա Լեւոն Տեր-Պետրոսյանն է որոշում, թե իր առաջ ձեռքը ո՞վ է լինելու: Բայց ՀԱԿ-ում  համակարգողի խնդիրը կարեւորագույն խնդիր է: Հատկապես այն դեպքում, երբ լավ չի ոչ մթնոլորտը, ոչ գործելակերպը, ոչ փոխադարձ վերաբերմունքը: Գիտեք, մարդիկ կարող են տարբեր կարծիքներ ունենալ, բայց թշնամիներ չլինել»,- ասաց Սոս Գիմիշյանն, ավելացնելով, որ վատ բանն ընդամենը 40 օրվա կյանք ունի եւ ով ինչ անում է, իր դեմ է անում: