Թուրքական Taraf պարբերականի սյունակագիր, ազգությամբ հրեա Ռոնի Մարգուլիսը Twitter-ի իր էջից գրել է,որ ստիպելու են թուրքական իշխանություններին պատասխան տալ Ցեղասպանության, բռնի տեղահանման, ցավերի եւ տառապանքների համար։

Ռոնի Մարգուլիսը Դիարբեքիր կատարած հերթական այցի ժամանակ Twitter-ում նշել է. «1890-ին Դիարբեքիրում ապրում էր 30 հազար հոգի, որոնցից մոտ 10 հազարը մահմեդականներ էին, 10 հազարը հայեր եւ մնացածն էլ այլ քրիստոնյաներ եւ հրեաներ։ Հետո ինչ որ բաներ տեղի ունեցան եւ հիմա Դիարբեքիրում բոլորը մահմեդականներ են։

Ամեն անգամ Դիարբեքիր գալուց մտածում եմ, թե ո՞վ է պատասխան տալու այս 90-100 տարվա համար։ Թուրքական իշխանությանն ենք ստիպելու հաշիվ տալ Ցեղասպանության, բռնի տեղահանման, ցավերի եւ տառապանքների համար։ Ես չասացի, թե պետությունը հաշիվ է տալու, ես ասում եմ՝ պետությանը ստիպելու ենք հաշիվ տա այդ բոլորի համար»։