Այս տարվա հունիսից մինչեւ դեկտեմբերը ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության «ՀՀ առողջապահական համակարգի հզորացում» ծրագրի ֆինանսավորմամբ  հանրապետության  մարզերում կազմակերպվել են «Շարունակական բժշկական կրթության» դասընթացներ:

«Ոչ վարակային հիվանդությունների կանխարգելումը եւ առավել տարածված սիրտ-անոթային հիվանդությունների վարումը» եւ «Մայրական առողջություն՝ մինչբեղմնավորման շրջանի խնամքի, ընտանիքի պլանավորման, անհետաձգելի ծննդօգնության հիմունքներն ու վերարտադրողական առողջության խորհրդատվությունը» թեմաներով դասընթացներին մասնակցել է մարզային 330 բժիշկ:

Ծրագիրն ամփոփվել է Հայաստանի ԱՆ Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում, մասնակիցներին հանձնվել են վկայականներ:

Նշենք, որ ծրագիրն իրականացվել է Հայ օգնության ֆոնդի, Հայաստանի սրտաբանների ասսոցիացիայի եւ Հայկական բժշկական ասոցիացիայի մասնագետների միջոցով Հայաստանի 10 մարզում, 13 քաղաքում, 18 բժշկական կազմակերպությունում: