ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը երկու պատգամավորների անձնական երկխոսության ձայնագրության հրապարակումը դատապարտման արժանի է համարում: «Քաղաքականությունում նման միջոցներն անընդունելի են եւ պետք է դատապարտվեն», - լրագրողների հետ զրույցում նշել է Ա. Վարդանյանը:
Ըստ պատգամավորի` տրամաբանական կլինի, եթե այդ գործով զբաղվեն իրավապահ մարմինները, որպեսզի պարզեն, թե ով է կանգնած դրա հետեւում: Դրանից հետո ՀՅԴ-ն պատրաստ է քաղաքական գնահատական տալ կատարվածին: «Երբ երկրում քաղաքական մենաշնորհը բացարձակ է դառնում, մարդկանց թվում է, թե իրենց ամեն ինչ թույլատրելի է: Նրանք չեն մտածում, որ այսօրվա քաղաքական մեծամասնությունը վաղը կդառնա քաղաքական փոքրամասնություն», -կարծում է Աղվան Վարդանյանը:
Միաժամանակ նա նշել է, որ հրապարակված երկխոսությունում բովանդակության առումով նորություն չի եղել: Նա հրաժարվել է երկխոսությունն ավելի մանրամասն մեկնաբանելուց` պատճառաբանելով ձայնագրության վատ որակը: Ի պատասխան հարցին, թե տվյալ միջադեպից հետո պարտավոր են արդյոք ՀՅԴ-ի անդամները ավելի զգոն լինել, Վարդանյանը նշել է, որ ՀՅԴ անդամները վախենալու բան չունեն: «Մենք հրապարակային ենք գործում: Սակայն անհանգստանալ պարտավոր է մեր հասարակության ցանկացած քաղաքացի»:
Նշենք, որ Youtube-ում հայտնվել էր Հայ ազգային կոնգրեսի համակարգող եւ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի ու նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի զրույցի ձայնագրությունը:
Խոսակցության հիմնական թեման եղել է ՀԱԿ-ի առանձին անդամների վերաբերմունքը ԲՀԿ-ի հետ Կոնգրեսի համագործակցությանը, կայանալիք նախագահական ընտրությունները եւ ՀԱԿ-ի թեկնածուի առաջադրման հնարավորությունը: Բացի դրանից Լեւոն Զուրաբյանը բավականին արհամարհական տոնով է արտահայտվել Մարտի 1-ի ողբերգական դեպքերի մասին, իսկ ավելի հստակ` կայանալիք նախընտրական քարոզարշավի ընթացքում դրանց վրա ուշադրությունը կենտրոնացնելու վերաբերյալ: Youtube-ում ձայնագրության տեղադրումից հետո` այն հայտնվել է նաեւ լրատվամիջոցներում: Դրանից հետո Զուրաբյանը, նաեւ ՀԱԿ-ի անդամ Նիկոլ Փաշինյանը, որի անունը եւս շոշափվել էր խոսակցությունում, հանդես են եկել հայտարություններով, որոնցում ԱԱԾ-ին մեղադրել են անձնական խոսակցությունների գաղտնալսման եւ հրապարակման մեջ, որը հակասում է ՀՀ-ի Սահմանադրությանը:




























