Հայ խաղաղապահները Աֆղանստանում մարտական գործողությունների չեն մասնակցում, նրանց խնդիրը միայն անվտանգության ապահովումն է: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ի Աժ արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը: Նրա տեղեկացմամբ՝ հայ խաղաղապահները տեղակայված են Մազարի Շարիֆ եւ Կունդուզ նահանգներում:
Նշենք, որ ՀՀ նախագահի առաջարկությամբ ԱԺ-ն ներկայում քննարկում է Աֆղանստանում մինչեւ 2014 թ. դեկտեմբերի 31-ը հայ խաղաղապահների ներկայության երկարաձգման հարցը:
Ա. Նազարյանի տեղեկացմամբ՝ հայ խաղաղապահները Աֆղանստանում են 2009 թ.-ից: Ներկայում նրանց թիվը հասել է 126-ի՝ 2009 թ. 40-ի համեմատ:
Հայ խաղաղապահների ծառայությունը Աֆղանստանում ֆինանսավորում է Գերմանիայի կառավարությունը (բացառությամբ աշխատավարձերից), հայկական ջոկատը գտնվում է գերմանական զորախմբի կազմում եւ ենթարկվում է գերմանական հրամանատարությանը: Սպաների աշխատավարձը կազմում է ամսական 640 հազ. դրամ:





























