Սուր շնչառական վարակներով շատ հիվանդներ օգտվում են հասարակական տրանսպորտից եւ աշխատանքի գնում. դա լուրջ խնդիր է: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանի առողջապահության նախարարության պետական հակահամաճարակային տեսչության վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը:

Ըստ նրա`սուր շնչառական վարակները սեզոնային հիվանդություններ են, ավելին,  դրանց տարածմանը նպաստում են կլիմայական պամանները, դիմադրողականության խնդիրները: Վարակիչ հիվանդությունները փոխանցվում են երեք գործոնի առկայության դեպքում`վարակ, փոխանցման մեխանիզմ, ընդունող օրգանիզմ: 

 «Այժմ, նախորդ տարվա ցուցանիշների համեմատ, Հայաստանում իրավիճակը կայուն է, սուր շնչառական վարակը էականորեն կրճատվել է»,-հայտարարել է փորձագետը եւ ընդգծել, որ ամեն շաբաթ դիտարկում է կատարվում:

Լիլիթ Ավետիսյանը նշել է, որ սուր շնչառական վարակով տառապող շատ հիվանդներ օգտվում են հասարակական տրանսպորտից, գնում աշխատանքի: «Գործատուները պետք է վերահսկեն, որ հիվանդ աշխատակիցները աշխատանքի չհաճախեն», - խորհուրդ է տալիս փորձագետը:

Նա հատկապես ընդգծել է հիգիենայի պահպանման կարեւորությունը (հազի կամ փռշտոցի ժամանակ դեմքը ծակել թաշկինակով, հաճախ լվանալ ձեռքերը), հիշեցրել է եղանակին համապատասխան հագնվելու, կիտրոնով թեյ խմելու, սխտորից  չխուսափելու անհրաժեշտության մասին:

Ամփոփելով լրագրողների հետ հանդիպման արդյունքները` Լիլիթ Ավետիսյանը նաեւ որոշ տվյալներ է ներկայացրել այն մասին, որ մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանում  գրանցվել է սուր շնչառական վարակի շուրջ երկու հազար դեպք, մասնավորապես` գրիպի: