35 տարվա ազատազրկման դատապարտված բրիտանացի գանգստերը իր խցից Facebook-ի օգնությամբ ղեկավարել է հանցագործ խմբավորումը: Ինչպես հաղորդում է lenta.ru-ն, 42-ամյա Քոլին Գանը, ով համարվում է Մեծ Բրիտանիայի ամենավտանգավոր հանցագործներից մեկը, առնվազն 2 ամիս ազատ մուտք է ունեցել ինտերնետային Facebook կայք, եւ նրա «ընկերների» ցանկում ընդգրկված են եղել 565 հոգի:
The Times-ի թղթակիցները, ծանոթանալով Գաննի հետ Facebook-ում, հայտնել են, որ գանգստերը բազմաթիվ անգամ սպառնացել է հաշվեհարդար տեսնել իր լավը չցանկացողների հետ, որոնք մնացել են ազատության մեջ:
Թերթի տվյալներով, ինտերնետային ցանց մուտք գործելու հնարավորություն Գաննը ստացել է բանտի վարչակազմի կողմից, որտեղ հայտնվել է կրկնակի սպանության համար: Facebook-ում Գաննի անձնական էջը փակվել է ընդամենը նախորդ ուրբաթ օրը` հունվարի 29-ին, երբ հայտնի է դարձել The Times-ում տպագրվելիք հոդվածի մասին:
Մեծ Բրիտանիայի արդարադատության նախարար Ջեք Սթրոն հայտարարել է, որ դատապարտյալներին արգելված է մուտք գործել սոցիալական կայքեր եւ Գաննը չէր կարող թույլտվություն ստանալ՝ օգտվել Facebook-ից: Սակայն թերթի փորձագետները, նշում են, որ բրիտանական բանտերի ղեկավարները «աչք են փակում» նման փաստերի վրա, որպեսզի խուսափեն հնարավոր մեղադրանքներից, թե իրենք խախտում են դատապարտյալների իրավունքները:




























