Պակիստանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 16 մարդ է զոհվել, այդ թվում կանայք եւ երեխաներ, եւս 50-ը՝ վիրավորվել է: Բժիշկների տվյալներով, տուժածներից մի քանիսի վիճակը ծայրահեղ ծանր է:

Միջադեպը տեղի է ունեցել երկրի հյուսիս-արեւմուտքում գտնվող Ջամրուդ քաղաքի շուկայում: Ահաբեկչությունից ոչ հեռու գտնվում է տեղի վարչակազմի գրասենյակը:

Ահաբեկիչները ականապատված մեքենան կայանել են ավտոբուսների կայանատեղիում: Պայթյունի հետեւանքով վնասվել են նաեւ 10 մեքենաներ եւ 15 առեւտրային տաղավարներ:

Ներկա պահին ահաբեկչական խմբավորումներից ոչ մեկը չի վերցրել տեղի ունեցածի պատասխանատվությունը, հաղորդում է Lenta.ru-ն:

Այս ահաբեկչությունը տեղի է ունեցել թալիբների եւ անվտանգության ծառայությունների միջեւ Փեշավարի օդանավակայանում շուրջ 15 ժամ տեւած հակամարտությունից մեկ օր անց: Այդ հակամարտության ընթացքում ոչնչացվել էր շուրջ 10 գրոհային: