Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն, անդրադառնալով մայրաքաղաքում իրականացվող ձնամաքրման աշխատանքներին, նշել է, որ դրանք կազմակերպվել են պատշաճ մակարդակով եւ ապահովվել է անվտանգ երթեւեկությունը:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ առաջիկա օրերին սպասվող տեղումների հավանականությամբ պայմանավորված, հանձնարարվել է կազմ ու պատրաստ վիճակում պահել մեքենամեխանիզմները` աշխատանքներն օպերատիվ կազմակերպելու համար: Քաղաքապետը ողջունել է նաեւ երիտասարդական եւ հասարակական կազմակերպությունների մասնակցությունը ձնամաքրման աշխատանքներին:
Առեւտրի եւ սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ նախատոնական առեւտրին ընդառաջ, Կենտրոն եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում կգործեն գյուղմթերքի նոր շուկաներ` առեւտուրն առավել կազմակերպված եւ մատչելի դարձնելու նպատակով:
Շարունակվել է ամենօրյա հսկողությունը հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ: Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ հատկապես ուշադրություն է դարձվել առավոտյան եւ երեկոյան ժամերին հաստատված չվացուցակների խախտման դեպքերին եւ շարժակազմերի սանիտարական պատշաճ վիճակի ապահովմանը: Հայտնաբերված խախտումների մասով կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ: Տոնական օրերին պատշաճ սպասարկում կազմակերպելու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւս մեկ անգամ հանձնարարել է մինչեւ երեկոյան ուշ ժամն ապահովել հասարակական տրանսպորտի` ներառյալ էլեկտրատրանսպորտի եւ մետրոյի աշխատանքը:
Հանրակրթության վարչության պատասխանատուն զեկուցել է, որ մայրաքաղաքի բոլոր դպրոցներում գործում են ջեռուցման համակարգերը եւ պարբերաբար վերահսկվում է անհրաժեշտ ջերմաստիճանի ապահովումը:
Նախորդ շաբաթ շարունակվել են նաեւ անակնկալ ստուգայցերը մանկապարտեզներ` մատակարարվող սննդի պատշաճ որակի ապահովման նպատակով: Վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ ուսումնասիրության արդյունքում խախտումներ չեն արձանագրվել:
Բազմաբնակարան շենքերի պատերին եւ հենասյուներին անհայտ անձանց եւ կազմակերպությունների կողմից փակցված հայտարարությունների մաքրման աշխատանքներին անդրադառնալով` արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետը նշել է, որ կազմվել է 10 արձանագրություն` համապատասխան ընթացք տալու համար: Զեկուցվել է նաեւ, որ այս տարվա ծրագրով Կենտրոն վարչական շրջանում տեղադրվել են հայտարարությունների համար նախատեսված ցուցատախտակներ: Ծրագիրը ներառված է նաեւ 2013 թվականի աշխատանքներում եւ կշարունակվի մյուս վարչական շրջաններում:
«Երքաղլույս» ՓԲԸ տնօրենը զեկուցել է, որ պարբերաբար գույքագրվում եւ նորերով են փոխվում մայրաքաղաքի կենտրոնական, երկրորդական փողոցներում եւ բակային տարածքներում առկա այրված լամպերը: Հանձնարարվել է հետեւողական աշխատանք տանել մայրաքաղաքում տնտեսվարողների կողմից իրենց օբյեկտների հարակից տարածքներում պատշաճ սանիտարական վիճակի եւ արտաքին լուսավորության ապահովման ուղղությամբ:
Քաղաքապետը հանձնարարել է նաեւ տոնական օրերին մայրաքաղաքի լուսավորությունն ապահովել ամբողջ գիշերվա ընթացքում:
«Երեւան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի» տնօրենը զեկուցել է, որ էլեկտրոնային չվացուցակների համակարգերի գործարկման նպատակով 4 երթուղիների 50 տրանսպորտային միջոցներ ապահոված են GPS համակարգերով: Մաշտոցի պողոտայի հասարակական տրանսպորտի 2 կանգառասրահներում տեղադրված էլեկտրոնային չվացուցակների սարքավորումներով կատարվում են թեստավորման աշխատանքներ:




























