Կայանալիք նախագահական ընտրություններում ընդդիմությունը հանդես չի գա մեկ միասնական թեկնածուով։ Այս մասին դեկտեմբերի 17-ին մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի Կոմունիստական կուսակցության Կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը։ «Ընդդիմության ներսում փոխհամաձայնություն չկա։ Մեկը սարեր է շուռ տալիս, մյուսը առու է բացում»,- նշել է նա։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ նախագահական ընտրություններին չմասնակցելու հայտարարության հնարավոր պատճառների եւ հետեւանքների հարցերին ի պատասխան, Ռուբեն Թովմասյանը հայտարարեց, որ չի ցանկանում խառնվել այդ քաղաքական ուժի ներքին գործերին։ «Դա նրանց անձնական գործն է։ Տվյալ հայտարարության պատճառները գիտեն միայն երկու հոգի՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը եւ երկրի գործող նախագահ, իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը»,- նշել է Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղարը։
Ռուբեն Թովմասյանը անդրադարձավ նաեւ Հայ Ազգային Կոնգրեսի ներքին տարաձայնություններին։ «Ես այդ միությունը միշտ համարել եմ «Հայ Ազգային Կատակերգություն»։ Անհասկանալի է՝ ի՞նչ են նրանք ուզում. Լռությունը միշտ չէ, որ ոսկի է, տվյալ դեպքում լռությունը վկայում է ինչ-որ փնտրտուքի մասին»,- ամփոփել է նա։





























