Բելառուսն ապրել է եւ կապրի առանց ԱՄՀ-ի, հայտարարել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ խոսելով այն մասին, որ ԱՄՀ-ն կարող է վարկ չհատկացնել Բելառուսին։ «Պետք չէ, որ ինչ-որ մեկն անհանգստանա, որ մենք կքայքայվենք։ Չենք քայքայվի, ինչպես ինչ-որ այդ մեկն է ցանկանում»,- հավաստիացրել է նա։

«ԱՄՀ-ն քաղաքական կազմակերպություն է։ Դրա համար են նրանք խոսում եւ խորհուրդ տալիս։ Ինչ-որ տեղ եթե լսում ենք քիչ թե շատ արդար քննադատություն, եթե կարգին առաջարկություններ են լինում՝ մենք օգտագործում ենք։ Բայց մենք կապրենք մեր ուղեղով, մենք ամեն ինչ ինքներս կանենք»,- ասել է Ա. Լուկաշենկոն։

Բելառուսի նախագահը հիշեցրեց ԱՄՀ-ի հայտարարության մասին, որտեղ կազմակերպությունն ընդգծել է  տնտեսական կառուցվածքային բարեփոխումներ կատարելու անհրաժեշտության մասին։ «Սրանք ԱՄՀ-ն պահողների շահերից բխող կառուցվածքային բարեփոխումներ են»,- նշել է պետության ղեկավարը՝ ավելացնելով. «ԱՄՀ-ն կաշխատի արեւմուտքի, Ամերիկայի շահերին համապատասխան։ Դա սովորական է նրանց համար։ Իսկ մեզ համար կարգին կլինի, եթե այն կարգին լինի բելառուսցիների համար, եւ չնայած ամեն ինչի՝ հենց այս ուղղությամբ էլ ես կաշխատեմ։ Ես բելառուսցի նախագահ եմ եւ այդպիսին էլ կմնամ»։

Ինչպես հայտնում է «ՌԲԿ»-ն, ավելի վաղ բելառուսական կառավարությունը հայտարարել էր, որ հետաքրքրվում է ԱՄՀ-ի հետ համագործակցման նոր ծրագրով։ 2011 թվականի մայիսին պետությունը դիմել է ԱՄՀ-ին նոր ֆինանսավորում տրամադրելու խնդրանքով։ Իր հերթին ԱՄՀ-ում ավելի վաղ հայտարարել էին, որ Բելառուսին տրամադրվելիք վարկը կախված է իշխանությունների՝ բարեփոխումներ կատարելու պատրաստակամությունից եւ հիմնադրամի անդամների նկատմամբ երկրի դիրքորոշումից։