Ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին այսօր՝ դեկտեմբերի 17-ին, այցելել է Ռուսաստանի քննչական կոմիտե, որտեղ ցուցմունքներ է տվել իր դեմ հարուցված երկրորդ քրեական գործով: Բլոգերը նկատել է, որ իր կարգավիճակը բարձրացրել են եւ դրել երկրում աղմուկ հանած կոռուպցիոն սկանդալների գործով անցնողների հետ նույն շարքում:

«Սերդյուկով, «Ագրոլիզինգ», Նավալնի եղբայրներ... հանճարեղ է»,-իր բլոգում «Ռոսիա-1» ալիքով հեռարձակված «Շաբաթվա լուրեր» հաղորդումը մեկնաբանել է Նավալնին: Այդ հաղորդման մեջ Նավալնիի գործը թվարկել են «Օբորոնսերվիսի» եւ «Ագրոլիզինգի» հետ կապված աղմկոտ գործերի հետ նույն շարքում, որի պատճառով ՊՆ ղեկավար Սերդյուկովը կորցրեց պաշտոնը:

Այնուհետեւ Նավալնին գրել թե, ՌԴ քննչական կոմիտե իր այցի մասին: «Այսօր եղա Քննչական կոմիտեում: Վերջապես պաշտոնապես հայտնեցին, որ իմ դեմ եւս մեկ քրգործ են հարուցել: Այնպես որ ես բնակավայրից չհեռանալու երկու ստորագրություն ունեմ: Այս անգամ օղակը սեղմվել է Մոսկվայի շրջանակներում, առանց Մոսկվայի մարզի»,-գրել է ընդդիմադիր բլոգերը:

Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ Նավալնիի կարծիքով, այս քրեական գործը վտանգավոր նախադեպ է ստեղծում: «Հիանալի հեռանկար է բացվում քրեական գործեր բացել թանկարժեք խանութների դեմ, որոնք առեւտուր են անում ավելի բարձր գներով, քան հարեւան խանութները»,-գրել է նա: