Ցուցարարները Թունիսի նախագահ Մոնսեֆ ալ Մարզուկիի եւ խորհրդարանի խոսնակ Մուտաֆա բեն Ջաաֆարի վրա քարեր են նետել, որոնք դեկտեմբերի 17-ին այցելել էին Սիդի Բուազիդ քաղաք՝ մասնակցելու երկրում հեղափոխության երկրորդ տարեդարձին:
Անկարգությունները սկսվել են այն պահին, երբ նախագահն ավարտել է ճառը եւ խոսքը փոխանցել խորհրդարանի խոսնակին: Այդ ժամանակ տեղի բնակիչները սկսել են քարեր նետել հռետորների վրա: Անվտանգության ծառայության աշխատակիցները պետության ղեկավարներին արագ հեռացրել են դեպքի վայրից, հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:
Հիշեցնենք, երկու տարի առաջ հենց Թունիսի «հասմիկյան հեղափոխությունից» էր սկսվել «արաբական գարունը»: Նախագահ Զին ալ Աբիդին բեն Ալիի վարչակարգի դեմ բողոքի խթան էր դարձել Սիդի Բուազիդ քաղաքի 26-ամյա Մոհամեդ Բուազիզի ինքնահրկիզումը: Փողոցային ցույցերի ճնշման ներքո բեն Ալին փախել էր Սաուդյան Արաբիա:


























