Ադրբեջանական կողմը խոստովանել է, որ իր կողմից այդքան գովազդված «Իստիգլալն», իրականում, բարձր որակ չունի: Այս մասին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը՝ հավելելով, որ դրա վկայությունն է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովի՝ «Իստիգլալի» կատարելագործման մասին խոստովանությունը:

«Կատարելագործել են, որովհետեւ այն ի սկզբանե այնքան էլ բարձր որակ չի ունեցել»,-նկատեց փորձագետը: Ադրբեջանցի նախարարի խոսքով, մոդեռնիզացիայի արդյունքում զենքի քաշը 35 կգ-ից նվազել է 28 կգ-ի: Բացի այդ, զենքը մի շարք տեխնիկական փոփոխությունների է ենթարկվել:

«Դա փաստացի հակատանկային արկ է: Նման կարգի զենքը կշռում է շուրջ 15 կգ, ոչ թե՝ երկու անգամ ավելի»,-ընդգծեց Գրիգորյանը:

Միաժամանակ, ադրբեջանական կողմը հայտարարում է 23 մմ տրամագծով դիպուկահար զենքի մոդեռնացման աշխատանքների մասին: Ամենայն հավանականությամբ, այդ զենքը պատրաստ կլինի 2013 թվականի առաջին կեսին: «Այսինքն 14 մմ-ն արդեն բավարար չէ, տվեք 23 մմ-անոցը, որի քաշն արդեն կլինի 100 կգ»,-ասաց նա:

«Ադրբեջանցի նախարարի այս հայտարարությունները պարզապես ծիծաղելի են նրանց համար, ով քիչ, թե շատ, հասկանում է պաշտպանական արդյունաբերությունից: Բայց, երեւի, նրանք փորձում են տպավորություն գործել սովորական ադրբեջացիների վրա»,-իր խոսքն ամփոփեց փորձագետը: