Եվրամիությունը Հայաստանին կոչ է արել 2013-ի փետրվարին արդար եւ թափանցիկ նախագահական ընտրություններ անցկացնել՝ հաշվի առնելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունները, որոնք բարձրաձայնվել են մայիսին կայացած նախագահական ընտրությունների ժամանակ: Այս մասին ասված է Բրյուսելում, այսօր՝ դեկտեմբերի 17-ին, Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդի նիստի արդյունքում կազմված հայտարարության տեքստում:
«ԵՄ-ն ողջունում է ժողովրդավարական կառավարման եւ մարդու իրավունքների ոլորտներում ներկայումս ձեռք բերված առաջընթացը եւ կոչ է անում Հայաստանին հետագայում եւս ջանքեր գործադրել մնացած, այդ թվում դատական իշխանության անկախության եւ կոռուպցիայի հետ կապված խնդիրները լուծելու ուղղությամբ»,-ասված է հայտարարության մեջ:
Հայաստան-ԵՄ համագործակցության խորհուրդն ընդգծել է Ասոցացման համաձայնագրի, այդ թվում Ազատ առեւտրի գոտի ստեղծելու բանակցություններին զուգահեռ բարեփոխումների իրականացման վրա կենտրոնանալու անհրաժեշտությունը: Կողմերը պայմանավորվել են մոտ ժամանակներս բանակցություններ սկսել Ասոցացման օրակարգի շուրջ, որը պետք է փոխարինի Հայաստան-ԵՄ գործողությունների ծրագրին՝ ԵՄ Հարեւանության քաղաքականության շրջանակում:




























