«Ազատ դեմոկրատները» առաջարկում են ԲՀԿ-ին տեղ չհատկացնել Էթիկայի հանձնաժողովում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 17-ին, խորհրդարանում հայտարարել է ԱԳ նախկին նախարար, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ, պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:
Նրա առաջարկը յուրօրինակ պատասխան էր ԱԺ խմբակցությունները իշխանական ու «ոչ իշխանական» բաժանելու փորձերին: Տվյալ դեպքում, հեղինակի նախաձեռնության հիմնական փաստարկն այն է, որ ԲՀԿ-ն չ իշխանություն է, ոչ ընդդիմություն: Նա նշեց, որ Էթիկայի հանձնաժողովում ԲՀԿ-ին ընդդիմության հաշվին տեղեր հատկացնելն արդար չէ, քանի որ ԲՀԿ-ն նույնքան «ոչ իշխանություն» է, որքան «ոչ ընդդիմություն»:
Այդ կապակցությամբ, Ազրումանյանն առաջարկեց ԲՀԿ-ն համարել «անկախ խմբակցություն» եւ նրան հանձնաժողովում տեղեր չտալ այնքան ժամանակ, քանի դեռ այդ ուժը չի կողմնորոշվի քաղաքական դաշտում իր ունեցած տեղի հարցում:
Ընդ որում, Ալ. Արզումանյանն ընդգծեց, որ ցանկացած դեպքում ընդդիմությունն այդ հանձնաժողովում պետք է ունենա առնվազն 50 տոկոս տեղ:
Ընդհանուր առմամբ, «Ազատ դեմոկրատների» անդամի գնահատմամբ՝ ներկա տեսքով նախաձեռնության ընդունման դեպքում հանձնաժողովը գոյություն կունենա միայն թղթի վրա, քանի որ ընդդիմությունը կբոյկոտի նիստերը:
Առաջարկելով մանրամասն քննարկել այս հարցը, ընդդիմադիր գործիչն ասաց. «Ո՞ւր ենք շտապում, հո աշխարհի վերջը չի՞»: Դահլիճից հիշեցրեցին, որ դեկտեմբերի 21-ին հենց աշխարհի վերջն է կանխատեսվում:
Ավելի վաղ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը հայտարարել էր, որ ՀՅԴ-ն մտադիր է դեմ քվեարկել Էթիկայի հանձնաժողովի ձեւավորման եւ գործունեության հարցում առաջարկվող փոփոխություններին: Նա կոչ էր արել բոլոր ոչ կոալիցիոն ուժերին, այդ փոփոխություններն ընդունելու դեպքում, քննարկել հետագա գործողությունների հարցը: Մասնավորապես, Վարդանյանն առաջարկել էր քննարկել, թե նոր պայմաններում որքանով է նպատակահարմար աշխատել Էթիկայի հանձնաժողովում:




























