Հայաստանի ազգային հիփոթեքային ընկերությունը 2013թ-ին ծրագրում է  վերաֆինանսավորել  17-20 միլիոնի  հիփոթեքային  վարկ: Այս մասին դեկտեմբերի 17-ին լրագրողներին ասաց ընկերության տնօրեն Մհեր Եդիգարյանը: Ներկայումս ընկերության պորտֆելը կազմում է  մոտ 15 մլրդ դրամ,  իսկ 2009թ. իր հիմնադրման պահից` վերաֆինանսավորել են 24 մլրդ դրամի հիփոթեքային վարկեր: Վերաֆինսավորվող վարկերի միջին ծավալը կազմում է 7 – 8 մլն դրամ:

Խոսելով Ֆրանսիական զարգացման գործակալության (AFD) հնարավոր վարկային ծրագրի մասին, Մ. Եդիգարյանը նշեց, որ մեկ կազմակերպությունը հազիվ թե կարողանա փակել ողջ շուկայի պահանջարկը: «Առայժմ դժվար է ասել, ինչ պայմաններով կներգրավվի ֆինանսավորումը: Ինչպես յուրաքանչյուրր միջազգային կազմակերպությունը, AFD-ն ունի երկրներին ու ոլորտներին վերաբերող սահմանաչափեր:  Հավանական է, որ ծրագիրը կազմված կլինի տեխնիկական աջակցության եւ վարկերի ֆինանսավորման բաղադրիչներից»,-նշեց Մ. Եդիգարյանը:

Նշենք, որ Հայաստանի ԿԲ տվյալներով, 2012թ. հոկտեմբրի վերջի դրությամբ Հայաստանում հիփոթեքի գումարային պորտֆելը կազմել է 134.4 մլրդ դրամ: «Ամերիա» խումբը Հայաստանում հիփոթեքային ֆինանսավորման պահանջարկը երկու անգամ ավելի բարձր է գնահատում: