Թուրք-սիրիական սահմանին «Petriot» զենիթա-հրթիռային համալիրների տեղակայումը Սիրիայի վրա հարձակվելու նախապատրաստման վկայություն չէ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 17-ին, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Գերմանիայում աշխատող արտասահմանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Նախորդ ուրբաթ Գերմանիայի խորհրդարանի պատգամավորները ճնշող մեծամասնությամբ հավանություն են տվել Petriot զենիթա-հրթիռային համալիրներ Թուրքիա ուղարկելուն: Այդ համալիրները սպասարկելու համար Թուրքիա կուղարկվեն 400 գերմանացի զինծառայողներ:
Վաշինգթոնն ու Ամստերդամը եւս մտադիր են Petriot-ներ ուղարկել Թուրքիա: «Դա պաշտպանական առաքելություն է, խոսքը հարձակման մասին չէ»,-ընդգծել է Մերկելը, հավելելով, որ Բեռլինը այսպիսով կատարում է իր կարտավորությունը ՆԱՏՕ-ի իր դաշնակցի նկատմամբ:
Հիշեցնենք, որ այս տարվա նոյեմբերին Թուրքիան դիմել էր ՆԱՏՕ-ին՝ խնդրելով «Patriot»-ներ տրամադրել իրեն՝ Սիրիայի հետ սահմանին տեղակայելու նպատակով: ՆԱՏՕ-ի խորհուրդը դեկտեմբերի 4-ին անդամ երկրների ԱԳ նախարարների մակարդակով հարգել էր Անկարայի խնդրանքը:





























