Աշխարհում ամենից շատ այցելու ունեցող Փարիզի Լուվրի թանգարանի տնօրեն Անրի Լուարետ որոշել է լքել իր պաշտոնը՝ 2013-ի ապրիլին պայմանագրի ժամկետը լրանալուց հետո, հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:

60-ամյա Լուարետը Լուվրի տնօրեն է նշանակվել 12 տարի առաջ՝ 2001 թվականի ապրիլի 14-ին: Օրենքի համաձայն, Ֆրանսիայի գլխավոր թանգարանի տնօրենը նշանակվում է պետության կողմից՝ 4 տարի ժամանակով: «Անրի Լուարետը տեղեկացրել է երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդին եւ մշակույթի նախարար Օրելի Ֆիլիպետտիին, որ մտադիր չէ հավակնել նոր մանդատի»,-ասել է թանգարանի ղեկավարության աղբյուրը:

«Թանգարանային կյանքին նվիրած շուրջ 40 տարիներից, ինչպես նաեւ իր կողմից նախաձեռնված երկու նախագծերի ավարտից հետո (մահմեդական արվեստի նոր բաժնի բացում եւ Լանսում թանգարանի մասնաճյուղի ստեղծում), Անրին որոշել է զբաղվել այլ գործունեությամբ եւ Լուվրին հնարավորություն տալ պատմության նոր էջ գրել»,-հայտարարել են Լուվրում:

Աղբյուրի փոխանցմամբ՝ սա Անրիի սեփական ընտրությունն է եւ նա որոշել է ուժերը փորձել այլ ոլորտում, բայց կրկին պետական ծառայության մեջ:

Նշենք, որ Լուարետի տնօրինության տարիներին Լուվրի տարեկան այցելուների թիվը կրկնապատկվել է: Եթե 2001-ին տարեկան Լուվրի թանգարան է այցելել 5,1 մլն մարդ, ապա 2006-ին այդ ցուցանիշն անցել է 8 մլն-ից եւ այլեւս չի նվազել:

Ակնկալվում է, որ 2012-ին նոր ռեկորդ կսահմանվի՝ Լուվրը կունենա 10 մլն այցելու: