Ֆրանսիայի վարչապետ Ժան Մարկ Էյրոն երկուշաբթի հայտարարել է, որ Ժերար Դեպարդիեին «խղճուկ» չի անվանել, սակայն այդպիսին է համարում դերասանի «հարկային փախուստը» Բելգիա եւ կոչ է անում ունեւոր ֆրանսիացիներին հայրենասիրություն եւ քաղաքացիական համերաշխություն ցուցաբերել ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի շրջանում:
Ֆրանսիայում նախագահական նախընտրական արշավի ամենաբուռն շրջանում սոցիալիստների առաջնորդ Ֆրանսուա Օլանդն առաջարկել է բյուջեի դեֆիցիտի հաղթահարման նպատակով 2013թ-ից տարեկան մինչեւ մեկ մլն եվրո վաստակող քաղաքացիների համար եկամտահարկի դրույքաչափը սահմանել մինչեւ 75%:
Այս կապակցությամբ ունեւոր անձինք, որոնց թվում` Դեպարդիեն, որոշել են լքել Ֆրանսիան: Ֆրանսիայի վարչապետը քննադատել էր դերասանին, նրան «խղճուկ» անվանելով: Կիրակի Դեպարդիեն հանդես էր եկել բաց նամակով` հայտարարելով, որ հրաժարվում է ֆրանսիական անձնագրից եւ սոցիալական ապահովագրությունից, քանի որ վիրավորված էր վարչապետի արտահայտությունից:
«Ես պարոն Դեպարդիեին խղճուկ չեմ անվանել, ես ասացի, որ դրանում խղճալի կողմ կա: Ես ասել եմ, որ Դեպարդիեն, մեծ դերասան է, որին ֆրանսիացիները սիրում են: Սակայն իմ ելույթում ես նաեւ քաղաքացիական համերաշխության կոչ եմ արել, քանի որ ճգնաժամային պայմաններում հարկերի վճարումը յուրաքանչյուր ֆրանսիացու պարտքն է»,-հայտարարել է վարչապետը:





























