Երթեւեկության անվտանգության ապահովման կարեւորագույն  բաղադրիչներից մեկը հետիոտնի կողմից ճանապարհային երթեւեկության կանոնների անվերապահ պահպանումն է, սակայն փողոցը գետնանցումով կամ գծանշված ուղյակներով հատելու տարրական պահանջը քչերն են կատարում: Համառ մեծամասնությունը շարունակում է վտանգել իր կյանքն ու առողջությունը՝ փողոցն անցնել որտեղով ու ինչպես պատահի:

«Հայաստանի ոստիկանությունը կրկին կոչ է անում քաղաքացիներին՝ ձեռնպահ մնալ վտանգավոր երթեւեկից: Դիմում ենք ձեր իրավագիտակցությանն ու օրինահարգությանը: Խնդրում ենք գիտակցել, որ երթեւեկության կանոնները խախտելով նախեւառաջ վտանգում եք ձեր կյանքն ու առողջությունը՝ չխոսելով արդեն վթարային վիճակների ու երթեւեկության խաթարման մասին:

Փողոցը չթույլատրված հատվածներով անցնելն իրավախախտում է եւ պատժվում է տուգանքով, սակայն ոստիկանության խնդիրը տուգանելը չէ, այլ քաղաքացուն պահպանելը, նաեւ իր իսկ հանդեպ ոտնձգությունից, որն արտահայտվում է ճանապարհային երթեւեկության, բանականության ու տրամաբանության կանոնների խախտումով:

Զանցանքի ու զանցառուի դեմ ոստիկանական ու վարչական մեթոդները միշտ էլ գործուն են ու կկիրառվեն, սակայն ոստիկանությունը կոչ է անում գնալ փոխըմբռնման ու փոխօգնության, համակեցության կանոնները միասնական ուժերով պահպանելու ճանապարհով:

Ամեն անգամ փողոցն անցնելիս հիշեք, որ տանը երեխաներն են սպասում:

Հիշեք, որ երեխաներն են տեսնում ձեր խախտումը:

Հիշեք, որ կյանքը շատ ավելի թանկ է րոպե առաջ դիմացի մայթ հասնելու ցանկությունից, շատ ավելի թանկ է ոստիկանի դիտողությունից կամ տուգանքից, որն անխուսափելի կդառնա, եթե սթափվելու եւ տարրական օրինապահության մեր հորդորը մնա անարձագանք»,- ասվում է ոստիկանության լրատվության  վարչության ուղերձում: