Չի կարելի թույլ տալ լրատվամիջոցներին, որ սեփական վարկանիշը բարձրացնելու համար պոռնկագրական տեղեկատվություն տարածեն: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 18-ի մամուլի ասուլիսում նշել է կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը:
«Ո՞ւր հասցրեց մեզ վարկանշային մրցավազքը: Առաջ գրաքննություն կար, որը հարկ է վերականգնել: Որոշ լրատվամիջոցներ իրենց հնարավորությունն օգտագործում են պոռնկագրական քարոզչության համար, ինչը որոշ չափով նպաստում է նրանց վարկանիշին», - նշել է Զաքարյանը: Ըստ նրա՝ հարկավոր է պոռնկագրությունը տարբերել օգտակար եւ հետաքրքիր տեղեկատվությունից:
Նա անհանգստանում է անչափահասների համար, որոնք օգտվում են տարբեր սոցիալական կայքերից եւ ստիպված են բախվել նման տեսակի տեղեկատվությանը: «Նման նյութերը խանգարում են երեխաների նորմալ դաստիարակությանը եւ զարգացմանը», - ընդգծել է կինոռեժիսորը:
Արշակ Զաքարյանը նաեւ հավելել է, որ այդ հարցով պետք է զբաղվի Հայաստանի Հանրային խորհուրդը, որի անդամներն, ըստ նրա, միայն օգտվում են իրենց կարգավիճակից եւ մոռանում պարտականությունների մասին:





























