Էթիկայի հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանն իրավունք չուներ պատգամավորին դուրս հրավիրել: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 18-ին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը:
Դաշնակցական պատգամավորը նկատի ուներ դեկտեմբերի 7-ի էթիկայի հանձնաժողովի նիստը, երբ հանձնաժողովի նախագահ, ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանը նիստից դուրս հրավիրեց ՀՀԿ անդամ Դավիթ Հարությունյանին՝ ՀՀԿ-ի կողմից ԱԺ արտահերթ նիստը տապալելու հարցի քննարկման ժամանակ:
Ա. Ռուստամյանի խոսքով՝ երկուսն էլ «սխալ են եղել». նախագահողը չպետք է դուրս հրավիրեր պատգամավորին, սակայն Դ. Հարությունյանն էլ չպետք է փորձեր արհեստական սկանդալ ստեղծել՝ էթիկայի հանձնաժողովի աշխատանքները ձախողելու համար:
Հարցին, թե ինչի՞ շուրջ կարող է ԲՀԿ-ն համաձայնության գալ ՀՀԿ-ի հետ, ինչի մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեցին երկու կուսակցությոնների ներկայացուցիչները, Ա. Ռոստամյանը պատասխանեց. «Համաձայնության եզրեր եթե լինեն, մենք էլ կհամաձայնենք, բայց ինչի՞ շուրջ: Մենք առաջարկել ենք, հիմնականում մեր առաջարկն են քննարկում»:
Դաշնակցության առաջարկը, ըստ Ա. Ռուստամյաի, հետեւյալում է. էթիկայի հանձնաժողովի ձեւավորման գործընթացը պետք է ապաքաղաքականացվի («հանվի քաղաքական բաղադրիչը»): Այսինքն՝ պետք է լինեն ոչ թե ընդդիմություն-իշխանություն հավասար քվոտաներ, այլ ամեն քաղաքական ուժ ունենա մեկ ներկայացուցիչ: «Գործող օրենքով սահմանված էր, որ ընդդիմությունն ու իշխանությունը պետք է հավասար ձայներ ունենան, ու խնդիրը ծագել էր նրանից, որ ընդդիմության մեջ չէր տեղավորվում Բարգավաճ Հայաստանը: Այդ պատճառով առաջացել էր ոչ թե 3-3 վիճակ, այլ 4-2 վիճակ»,- ասաց Ա. Ռոստամյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























