Պոռնկագրական նյութերը նպաստում են մեր ժողովրդին ոչ հարիր հանրային նորմերի ձեւավորմանը: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 18-ի մամուլի ասուլիսում նշել է ԶՈՒ նախկին սպա Արթուր Եղիազարյանը:

Ըստ նրա՝ այստեղ պետական միջամտություն է անհրաժեշտ: «Պետք է վերականգնվեն այն բարոյական նորմերը, որոնք գոյություն ունեին հայ հանրությունում: Հայկական լրատվամիջոցներում պոռնկագրական նյութերի մեծ քանակը խոսքի ազատության վկայություն չէ, դա արդեն սանձարձակություն է: Չի կարելի թույլ տալ, որպեսզի դրանք վերածվեն հասարակական նորմի», - նշել է Արթուր Եղիազարյանը:

Մամուլի ասուլիսի  մյուս մասնակիցը՝ կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը, նրա հետ համաձայնելով, ընդգծել է, որ չեն խոսում խոսքի ազատության սահմանափակման մասին, այլ պարզապես անբարոյականության քարոզչության դադարեցման: «Մի շարք լրատվամիջոցների պատժման դեպքում մյուսները կհասկանան իրենց գործունեության վտանգավորությունը, որն ուղղված է միայն բարձր վարկանիշ ունենալուն», - վստահ է կինոռեժիսորը: Նա նաեւ հավելել է, որ տեղեկատվական ոլորտը պետք է վերահսկվի պետական կառույցների կողմից, քանի որ հասարակական կազմակերպությունների գործունեությունը կարճաժամկետ  արդյունք է ունենում: