Լավ լրատվամիջոցը պետք է նորմալ նյութեր հրապարակի: Անպետք տեղեկատվություն տարածելու փոխարեն  հարկավոր է կատարելագործվել: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 18-ի մամուլի ասուլիսում նշել է ԶՈՒ նախկին սպա Արթուր Եղիազարյանը:

Ըստ նրա՝ հայկական լրատվամիջոցների կողմից պոռնկագրության տարածումը չի կարելի արդարացնել նրանով, որ դա  գումար վաստակելու միջոց է: «Նման սկզբունքով կարելի է արդարացնել նաեւ տարբեր հանցագործություններ, օրինակ, գողությունը: Նման գործունեությունը միայն էժանագին միջոց է», - նշել է սպա Արթուր Եղիազարյանը: Նա մտահոգություն է հայտնել, որ նման նյութերի հետեւանքով արժեզրկվում է հայ հանրության հիմնական արժեհամակարգը՝ հայ ընտանիքը:

Մամուլի ասուլիսի  մյուս մասնակիցը՝ կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը, ընդգծել է. «Ճիշտ չէ, որ հայ հասարակությունը նման նյութեր է ցանկանում: Մեր լրատվամիջոցներն են նրանց նման տեղեկատվություն մատուցում: Ճիշտ չէ, որ հայ երիտասարդությունը չի հասկանում եւ չի գնահատում լավը, մենք բավական զարգացած երիտասարդներ ունենք, ինչն ուրախալի է: