Մայրաքաղաքում տեղացած եւ շարունակվող ձյան տեղումների հետեւանքով ստեղծված անհարմարությունները վերացնելու նպատակով մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների կոմունալ ծառայությունների կողմից արդեն երրորդ օրն է սկսվել եւ շարունակվում են մայրաքաղաքի փողոցների եւ մայթերի, ինչպես նաեւ բակային տարածքների ձնամաքրման աշխատանքները: Աշխատանքներում ներգրավված է ընդհանուր թվով շուրջ 181 միավոր մեքենա-մեխանիզմ, այդ թվում 56 ձյուն մաքրող, 62 աղցան, 22 մայթ մաքրող եւ JCB տիպի 34 մեքենա: Երեկոյան եւ գիշերային ժամերին աշխատանքներում ներգրավվել է եւս 7 գրեյդեր:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ հատուկ տեխնիկայի բավարար քանակ ապահովելու համար պայմանավորվածություն է ձեռքբերվել շինարարական կազմակերպությունների հետ՝ ձյան տեղումների օրերին փողոցների ու մայթերի մաքրման աշխատանքներին լրացուցիչ եւս 120 մեքենամեխանիզմ ներգրավելու համար։
Մաքրման աշխատանքների նպատակով օգտագործվել է ավելի քան 640 տոննա աղ եւ ավազ:
Ներկայում փողոցների եւ մայթերի մաքրմանը զուգահեռ՝ համապատասխան ծառայությունների աշխատակիցների, ինչպես նաեւ պայմանագրային կարգով ներգրավված աշխատողների ու երիտասարդ կամավորների ուժերով ընթանում են նաեւ շքամուտքերի հարակից եւ բակային տարածքների մաքրման աշխատանքներ:




























