Ներքաղաքական վիճակն այնպես է դասավորվել, որ այսօր պարզապես անհրաժեշտ է քաղաքական օրակարգի նոր ձեւաչափ գտնելը, առավել եւս, որ նախընտրական արշավը նմանվում է մեկ անձի մասնակցությամբ մարաթոնի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 18-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը:

Նրա խոսքով, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ հերթական համագումարում ոչնչով նման չէր վերջին 5 տարում իշխանությունների գործունեության արդյունքների ամփոփման. նախագահն, ավելի շուտ, իր բարի ցանկություններն արտահայտեց:

Հարցին, թե առաջիկա նախագահական ընտրությունները լեգիտիմ բնույթ կունենա՞ն, Արամ Սարգսյանը պատասխանեց, որ «լեգիտիմություն չի նկատվում»:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի եւ Գագիկ Ծառուկյանի որոշմանը՝ չմասնակցել ընտրություններին եւ չպաշտպանել որեւէ թեկնածուի, ՀԴԿ ղեկավարը նշեց, որ այդպես էլ պետք է լիներ, քանի որ իրեն հարգող յուրաքանչյուր գործարար, առաջին հերթին, մտածում է իր ունեցվածքի մասին եւ միջոցներ է ձեռնարկում սեփականությունը չկորցնելու ուղղությամբ: «Քաղաքական պայքարին պետք է մասնակցեն գաղափարական մարդիկ»,-ընդգծեց նա:

Անդրադառնալով «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին եւ նրա շուրջ քաղաքական ուժերի միավորման հեռանկարին, Արամ Սարգսյանն այսպես արտահայտվեց. «Ես հարգում եմ Հովհաննիսյանին եւ նրան դրական եմ վերաբերվում, սակայն կասկածում եմ, որ առնվազն ՀԱԿ-ը կաջակցի Րաֆֆի Հովհաննիսյանին, առավել եւս կմիավորվի նրա շուրջ»: