Ադրբեջանցի «հարսանեկան հրաձիգ» Սեյմուր Նաբիզադեն մեղավոր է ճանաչվել խուլիգանության մեջ եւ դատապարտվել երկու տարվա պայմանական ազատազրկման: Նրան ազատել են դատարանի դահլիճից:
Դատախազը պահանջում էր ավելի խիստ պատիժ՝ երկու տարվա գաղութ, նշում է ՌԱՊՍԻ-ն:
Նոյեմբերի կեսերին Մոսկվայի արեւմուտքում նկատել էին հարսանեկան մեքենաների շքերթ, որի մասնակիցները օդ էին կրակել: Ոստիկանները փորձել էին կանգնեցնել օրինախախտների մեքենաները, սակայն չէր հաջողվել: Նրանք հարսանեկան հրաձիգին հենց ռեստորանում էին ձերբակալել:
Պարզվել էր, որ տրավմատիկ ատրճանակից կրակել էր 18-ամյա ադրբեջանցի Սեյմուր Նաբիզադեն: Երիտասարդին ձերբակալել էին, իսկ նրա մեքենայում հայտնաբերել բեյսբոլի մահակ, ձեռնաշղթաներ, երկու տրավմատիկ ատրճանակ եւ երկու տուփ փամփուշտ:




























