Դեկտեմբերի 19-ին Միջազգային տիեզերակայան կուղեւորվեն Ռոսկոսմոսի տիեզերագնաց Ռոման Ռոմանենկոն, Կանադայի Տիեզերական գործակալության աստղագնաց Քրիս Հեդֆիլդը եւ ՆԱՍԱ-ի աստղագնաց Թոմաս Մաշբերնը:
Համատեղ մամուլի ասուլիսում անձնակազմի անդամները պատմել են, որ իրենց միավորում է ոչ միայն աշխատանքը, այլեւ ընկերական ջերմ հարաբերությունները, որոնք մտադիր են պահպանել նաեւ հետագայում: Անձնակազմը մտադիր է ՄՏԿ-ում նշել Սուրբ ծնունդը՝ որպես «մեկ ընտանիք»:
Vesti.ru-ն հայտնում է, որ ՄՏԿ ուղեւորվող անձնակազմը շատ երաժշտական է, իր հետ ուղեծիր է տանում կիթառ եւ շրթհարմոն:
Դրա հետ կապված, Ղազախստանի որոնողափրկարարական ծառայության ներկայացուցիչները տիեզերագնացների համար նվեր էին պատրաստել՝ անգլերեն երգ, որը կատարել են հենց մամուլի ասուլիսի ժամանակ:
«Սոյուզ ՏՄԱ-07Մ» տիեզերանավի մեկնումը նախատեսված է դեկտեմբերի 19-ին, ժամանումը՝ դեկտեմբերի 21-ին:





























