Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է համաշխարհային կինոյի լեգենդներից մեկին՝ ֆրանսիացի նշանավոր դերասան Ալեն Դելոնին, ով այսօր Երեւանում ներկա կգտնվի իր մասնակցությամբ նկարահանված «Շնորհավոր Ամանոր, մայրեր» ֆիլմի պրեմիերային:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրին մեր երկրում, ուրախությամբ նշելով, որ Ալեն Դելոնի ստեղծած կերպարները Հայաստանում եւս մեծ ճանաչում եւ ժողովրդականություն են վայելում, իսկ դարավոր պատմություն եւ մեծ ներուժ ունեցող հայ-ֆրանսիական ջերմ բարեկամական հարաբերությունները շարունակում են վերընթաց զարգանալ:

Ֆրանսիացի անվանի դերասանը շնորհակալություն է հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին՝ ջերմ խոսքերի եւ հյուրընկալության համար, ընդգծել, որ Ֆրանսիայում մշտապես շատ ուշադիր են եղել Հայաստանի նկատմամբ, հարգալից վերաբերմունք ունեն՝ նրա մշակույթի, պատմության նկատմամբ եւ հստակ դիրքորոշում՝ 1915թ. Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման հարցում: Նա նշել է, որ հետաքրքրությամբ է հետեւել շուրջ մեկ ամիս առաջ Փարիզում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպմանը, իսկ անցյալ տարի՝ նաեւ Նիկոլա Սարկոզիի պետական այցին Հայաստան:

Հանրապետության նախագահը հետաքրքրվել է Երեւանում ցուցադրվելիք «Շնորհավոր Ամանոր, մայրեր» ֆիլմով, նշելով, որ հայերի, ինչպես եւ միջերկրյածովյան բոլոր ժողովուրդների համար մայրերի նկատմամբ մշտապես առանձնահատուկ վերաբերմունք է եղել, եւ եթե ֆիլմի հայ ռեժիսորն ու պրոդյուսերը, ամբողջ ստեղծագործական թիմի հետ միասին, ֆիլմը նվիրել են մայրիկներին, ուրեմն այն, իր կարծիքով, արժեքների հավերժության մասին է, իսկ թեման՝ բոլոր ժամանակներում եւ բոլոր սերունդների համար՝ մշտապես արդիական:

Ալեն Դելոնը նշել է, որ չնայած այդ լիրիկական կատակերգության մեջ փոքր մասնակցությանը, ինքն էլ մեծագույն սիրով է խաղացել իր դերը եւ անչափ ուրախ է Հայաստան այցի համար, որտեղ իրեն հաճելիորեն զարմացրել է իր այդքան ճանաչված եւ սիրված լինելը:

Նշանավոր դերասանը սիրով ընդունել է նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը՝ կրկին այցելելու Հայաստան եւ ավելի հանգամանորեն ծանոթանալու մեր երկրին, որի մասին բազմիցս լսել է իր հայ ընկերներից: