ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հերքել է համաշխարհային պատերազմ հրահրելու մեղադրանքները: Նման մեղադրանքներ էր հնչեցրել Թեհրանը՝ ի պատասխան թուրք-սիրիական սահմանին Patriot զենիթահրթիռային համալիրների տեղակայմանը:

«Ես կտրականապես հերքում եմ այդ մեղադրանքները: Մենք հենց սկզբից էլ հստակ հայտարարել էինք, որ այդ միջոցը բացառապես պաշտպանական բնույթ է կրում: Մենք այնտեղ կլինենք, որպեսզի պաշտպանենք դաշնակիցներից մեկին՝ Թուրքիային, մենք ոչ մի հարձակողական մտադրություն չունենք»,- գլխավոր քարտուղարի խոսքերն է մեջբերում ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ըստ նրա՝ «Թուրքիայում Patriot համալիրների ապագա տեղակայման համար պետք է  անհանգստանան միայն նրանք, ովքեր մտադիր են իրենց հրթիռային հնարավորություններն օգտագործել հարձակողական նպատակներով»:

Ավելի վաղ Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի ղեկավար գեներալ Հասան Ֆիրուզաբադին հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի զենիթահրթիռային Patriot համալիրների տեղակայումը Թուրքիայի հարավում՝ Սիրիայի սահմանին, համաշխարհային պատերազմի սպառնալիք է ստեղծում: «Այդ Patriot հրթիռներից յուրաքանչյուրն աշխարհի քարտեզին սեւ կետ է, դրանք ուղղված են համաշխարհային պատերազմ հրահրելուն», – հայտարարել էր Ֆիրուզաբադին՝ Թեհրանի պաշտպանության համալսարանում ելույթ ունենալով ռազմական ղեկավարության առաջ, հայտնում է ՎԶԳԼՅԱԴ-ը: 

Ըստ գեներալի՝ «ՆԱՏՕ-ն համաշխարհային պատերազմի ծրագիր է պատրաստում, դա շատ վտանգավոր է մարդկության եւ Եվրոպայի ապագայի համար»:

Հիշեցնենք,  դեկտեմբերի 4-ին ՆԱՏՕ-ի Խորհուրդը հավանություն էր տվել Թուրքիայում Patriot զենիթահրթիռային համալիրների տեղակայմանը, որոնք Նիդեռլանդներից եւ Գերմանիայից կտեղափոխվեն 2013թ. հունվարին: