Երեւանում, այսօր՝ դեկտեմբերի 18-ին, տեղի է ունեցել ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ալեն Դելոնի մամուլի ասուլիսը (ֆոտոռեպորտաժ): Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ լեգենդար դերասանը Երեւան է ժամանել դեկտեմբերի 17-ի երեկոյան՝ «Շնորհավոր Ամանոր, մայրիկ» ֆիլմի երեւանյան պրեմիերայի հետ կապված: Ֆիլմում նկարահանված երեք դերասաններ են ժամանել Երեւան՝ Ալեն Դելոնը, Իրինա Ռոզանովան եւ Կոնստանտին Կրյուկովը:

Դերասանուհի Իրինա Ռոզանովան պատմել է, թե ինչպիսին է Ալեն Դելոնը կադրից դուրս: «Մենք՝ դերասաններս, փորձում ենք մնալ գեղեցիկ եւ երիտասարդ, իսկ բժշկությունը մեզ այդ հարցում ամեն կերպ օգնում է: Նկարահանման հրապարակում Ալեն Դելոնին առաջարկեցին գրիմ անել, որպեսզի ծածկեն կնճիռները: Նա վրդովված ասաց, որ 33 տարեկանում եղել է տիեզերքի ամենագեղեցիկ տղամարդը, իսկ հիմա, երբ արդեն մեծացել է, այդ կնճիռները, որպես իմաստության նշաններ, կլինի լավագույն գրիմը»,-ասել է նա:

Ալեն Դելոնն ասուլիսի էր եկել Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո: «Ես առաջին անգամ եմ Հայաստանում ու թեեւ Շառլ Ազնավուրն իմ ընկերն է, ես չէի էլ կարող ենթադրել, որ ինձ այստեղ այդքան գնահատում են: Ինչպես ենթադրեց նախագահ Սերժ Սարգսյանը, Շառլը երեւի պարզապես վախեցել է, որ ես երես կառնեմ, եթե իմանամ, թե որքան են ինձ սիրում ձեր երկրում»:

Լեգենդար դերասանի խոսքով, ինքը մեծ հաճույքով համաձայնել է նկարահանվել այս ֆիլմում, քանի որ հենց սկզբից իրեն դուր է եկել ֆիլմի գաղափարը:

Անդրադառնալով ֆիլմի գլխավոր գաղափարին՝ մոր հանդեպ սիրուն, Ալեն Դելոնն ասաց, որ եթե իր մայրը կենդանի լիներ, ինքը նրան թանկարժեք նվերներ չէր տա, այլ կփորձեր նրա կողքին լինել ամեն րոպե:

Վերջում դերասանը խոստովանեց, որ ինքը միշտ ունեցել է եւ ունի ամեն բան, բայց հիմա... սիրո մի փոքր պակաս ունի:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am