«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը այս պահին մյուս քաղաքական ուժերի, այդ թվում` ՀԱԿ-ի հետ, կոնկրետ խնդիրների հետ կապված քննարկումներ, հանդիպումներ չի անում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Նա նշեց, որ քաղաքական ուժերի հետ համագործակցություն կա խորհրդարանի մակարդակով, որը համարում է բավականին արդյունավետ:

«Մենք մշտապես ասել ենք, որ ոչ միայն ՀԱԿ-ի, այլեւ խորհրդարանում ներկայացված մյուս քաղաքական ուժերի հետ մենք մշտապես պատրաստ ենք համագործակցության բոլոր այն խնդիրների շուրջ, որոնք միտված կլինի երկրի զարգացմանը, շատ ավելի բարեկիրթ ու ժողովրադավար Հայաստան ունենալուն, Այնպես որ այսօր էլ մենք շատ ակտիվ խորհրդարանական համագործակցություն ունենք տարբեր խորհրդարանական ուժերի հետ, այդ թվում` ՀԱԿ-ի, եւ ես որեւէ պատճառ չեմ տեսնում այդ համագործակցոթյունը ընդհատելու համար»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն հանդես էին եկել նախաձեռնությամբ՝ կազմակերպելու քաղաքական կոնսուլտացիաներ հարյուրտոկոսանոց համամասնական ընտրակարգի, կառավարման խորհրդարանական համակարգի եւ այլնի մասին: Երկու քաղաքական ուժերն ակտիվորեն հանդիպումներ ունեցան այլ կուսակցությունների հետ, ՀԱԿ-ը հանդես եկավ սեփական օրակարագով` առաջարկելով մի շարք հարցեր եսւ դարձնել քննարկման առարկա: Դրանից հետո ակնկալվում էր քննարկումների երկրորդ փուլը, որտեղ պետք է քննարկվեր նախագահական ընտրություններին միասնական թեկնածուով հանդես գալու հարց: