Պետք չէր համացանցում տեղադրել նախկին արտգործնախարար, Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչ Վարդան Օսկանյանի եւ Հայ ազգային կոնգրեսի Կենտրոնական գրասենյակի համակարգող, ՀԱԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի խոսակցության ձայնագրությունը: Այդ մասին դեկտեմբերի 18-ին լրագրողներին հայտնել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Երկիրը, նշել է նա, փոքր է, առանց այդ էլ բոլորն ամեն ինչից տեղյակ են: Ըստ նրա՝ գաղտնալսումը նախընտրական քաղաքականության գործիքներից է: Այսօրվա ՀԱԿ-ը, հավելել է նա, այն չէ, ինչ առաջ էր, նրա շարքերում տարաձայնությունների մասին է վկայում նաեւ Զուրաբյանի հետ Օսկանյանի զրույցը:
Ըստ նրա՝ ՀԱԿ-ից նախագահի արժանի թեկնածու կարելի է համարել Վարդան Մալխասյանին: «Նա մենակ չէ, կան նաեւ այլ արժանի մարդիկ ՀԱԿ-ում եւ այլ քաղաքական ուժերում, սակայն ընտրում են «գեր եւ հարուստ» սկզբունքով», - նշել է Ա. Մանուչարյանը:
Նշենք, որ նախկին արտգործնախարար, Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ Վարդան Օսկանյանի եւ Հայ ազգային կոնգրեսի Կենտրոնական գրասենյակի համակարգող, ՀԱԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի խոսակցության ձայնագրությունը տեղադրվել էր Youtube-ում: Խոսակցության հիմնական թեման էր ՀԱԿ-ի առանձին անդամների վերաբերմունքը ԲՀԿ-ի հետ համագործակցությանը, կայանալիք նախագահական ընտրությունները եւ ՀԱԿ-ից թեկնածու առաջադրելու հնարավորությունը: Youtube-ում ձայնագրության տեղադրումից հետո այն տարածել էին լրատվամիջոցները: դրանից հետո Զուրաբյանը, ինչպես նաեւ ՀԱԿ-ի անդամ Նիկոլ Փաշինյանը, որի անունը եւս շոշափվել էր խոսակցությունում, հանդես են եկել հայտարարություններով, որոնցում մեղադրել են ԱԱԾ-ին անձնական խոսակցությունների գաղտնալսման եւ տարածման մեջ: Ձայնագրության մեջ Լեւոն Զուրաբյանը բավական արգահատանքով է արտահայտվում մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների, հատկապես՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում դրանք շեշտադրելու մասին:
Հիշեցնենք, որ Հայաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2013թ. փետրվարի 18-ին:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am




























