ԱՄՆ-ի Փորթլենդ եւ Նյութաուն քաղաքների ողբերգությունները ԱՄՆ-ի բնակիչների շրջանում երկու հակասական  արձագանք են ստացել. ոմանք պահանջում են զենքի մասին օրենքի խստացում, մյուսները, հակառակը, զինվում են:

Զենքի խանութների տերերը պնդում են, որ զանգվածային կրակոցներից հետո հրազենային զենքի պահանջարկն աճել է արագ տեմպերով: Փորթլենդում այն հասել է  «աստղաբաշխական» մակարդակի, հայտնում է USA Today-ը:

Տեղի զենքի խանութի տերը խոստովանել է, որ վերջին 20 տարիների ամենամեծ շահույթն է ստացել: Նա վստահ է, որ վաճառքի աճը պայմանավորված է Կոնեկտիկուտի եւ Օրեգոնի  ողբերգություններով:

Մինչ ամերիկացիների մի մասը զենք է ձեռք բերում, մյուսները շտապում են դրանից ազատվել՝ հրացանները եւ ատրճանակները փոխանակելով սննդի վաուչերների եւ գումարի հետ: Նման ակցիաներ, հաղորդում է Առաջին ալիքը, անցկացվում են ԱՄՆ-ի մի քանի նահանգներում, այդ թվում՝ Կալիֆոռնիայում եւ Մերիլենդում:  

Զենքի ազատ ձեռքբերման արգելքի հարցը վաղուց քննարկվում է ԱՄՆ-ում, սակայն այն երբեք այսքան սրությամբ չի  դրվել: