ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր` դեկտեմբերի 18-ին Գորիսում ներկա գտնվեց «Սոցիալական տուն՝ աջակից պայմաններով» ծրագրի շրջանակում կառուցված սոցիալական տան շահագործման արարողությանը, որին մասնակցում էին նաեւ մարզպետ Սուրեն Խաչատրյանը,  Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Կոնստանտին Օբոլենսկին: Փոխվարչապետը շահառու ընտանիքներին հանձնեց բնակարանների բանալիները:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե «Սոցիալական տուն՝ աջակից պայմաններով» ծրագիրն իրականացվում է Շվեյցարական զարգացման եւ համագործակցության գործակալության կողմից` ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ: Այսօր շահագործված եռահարկ շենքի կառուցման աշխատանքները մեկնարկել էին 2011թ. գարնանը,  Շվեյցարական զարգացման եւ համագործակցության գործակալությունն  այդ նպատակով հատկացրել է 195 մլն  դրամ, իսկ կառավարության համաֆինանսավորումը կազմել է 65 մլն դրամ: Շենքի արտաքին պատերի ջերմամեկուսացման աշխատանքներ են իրականացվել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից` 15 մլն դրամի չափով: Շենքն առաջին հարկում ունի ժամանցի ընդհանուր սենյակ, տարածքը բարեկարգված է եւ  կանաչապատված:

Սոցիալական տան շահառու 20 ընտանիքներն ընտրվել են հատուկ հանձնաժողովի կողմից, որում ընդգրկված են եղել Շվեյցարական զարգացման եւ համագործակցության գործակալության, համապատասխան գերատեսչությունների, ինչպես նաեւ Սյունիքի մարզպետարանի եւ Գորիսի քաղաքապետարանի ներկայացուցիչները: Հանձնաժողովն ընտրել է ամենակարիքավոր եւ ամենախոցելի ` սոցիալապես անապահով, վագոն տնակներում բնակվող, այդ թվում նաեւ  փախստականի կարգավիճակ ունեցող ընտանիքներին:

Փոխվարչապետը շնորհավորելով շահառու ընտանիքներին  բնակարանամուտի կապակցությամբ` գոհունակություն հայտնեց կատարված աշխատանքներից: Նա բարձր գնահատեց ծրագրի նշանակությունը` նկատելով, որ այն թույլ է տալիս համատեղ ուժերով ինչ-որ մասով լուծել սոցիալապես անապահով եւ փախստական ընտանիքների բնակարանային խնդիրը: Ա. Գեւորգյանը շնորհակալություն հայտնեց Շվեյցարական զարգացման եւ համագործակցության գործակալությանը` արդյունավետ ծրագրի իրականացման համար:

Փոխվարչապետը ծանոթացավ նաեւ մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրերով Գորիս քաղաքում փողոցների բարեկարգման եւ նորոգման աշխատանքներին: Մասնավորապես, Ա. Սաթյան փողոցի վերանորոգման համար երրորդ եւ չորրորդ ծրագրերով ընդհանուր առմամբ 140 մլն դրամ է հատկացվել: Փոխվարչապետին  զեկուցվեց, որ երրորդ ծրագրով նախատեսված աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են,  չորրորդ  ծրագրով  աշխատանքները մեկնարկել են, որոնք կշարունակվեն  նաեւ գարնանը: Իսկ քաղաքի Վ. Մամիկոնյան փողոցի բարեկարգումը, որի համար երրորդ ծրագրով հատկացվել էր 13 մլն դրամ, արդեն ավարտվել է: