Դեկտեմբերի 17-ին Ռումինիայի Օրադեա քաղաքում մահացել է ռումինահայ նշանավոր նկարիչ Միկլոշ Յակուբովիչը: Նկարիչը ծնվել է 1936թ. օգոստոսի 9-ին Կլուժ-Նապոկա քաղաքում: Տրանսիլվանիայի հին հայերի շառավիղներից էր: Ավարտել է Թըրգու-Մուրեշի, այնուհետեւ Կլուժի Գեղարվեստի դպրոցները: Առաջին անհատական ցուցահանդեսը բացել է 1965թ.:

Նա բազմիցս ցուցադրվել է Ռումինիայում եւ Հունգարիայում, ինչպես նաեւ Գերմանիայում, Իտալիայում, Հոլանդիայում, Լեհաստանում, Սլովակիայում, Շվեյցարիայում եւ Չինաստանում:

Յակոբովիչի ինքնության եւ ստեղծագործությունների մեջ նշանակալի տեղ էր զբաղեցնում հայկական արմատները եւ թեմաները: Նա հատիկ առ հատիկ հավաքում էր Տրանսիլվանիայում առկա հայկական հիշատակները, վերականգնում Գեռլայի (Արմենոպոլիս) եւ Դումբրավենի հայ կաթոլիկ եկեղեցիներումպահպանվողբազմաթիվ արժեքավոր սրբապատկերներ: 1990-ական թվականներին Յակոբովիչն այցելել է Հայաստան, եղել նաեւ Արցախում, որի խրոխտ բնակիչներն ու լեռնային պատկերները խոր տպավորություն են թողել նրա վրա:

Վերջին տարիներին Յակոբովիչը փափագում էր ցուցադրվել Հայաստանում եւ ՀՀ մշակույթի նախարարության հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել այս տարի հոկտեմբերին նրա անհատական ցուցահանդեսը բացել Երեւանի Ժամանակակից արվեստի թանգարանում, սակայն վրա հասած ծանր հիվանդության պատճառով այն հետաձգվել էր:

Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ Միկլոշ Յակոբովիչը պարգեւատրվել էր ՀՀ սփյուռքի նախարարության «ԱրշիլԳորկի»մեդալով: