Վրաստանում արդարության վերականգման գործընթաց է ընթանում եւ բացառված են այնպիսի երեւույթներ, ինչպիսիք են քաղաքական հետապնդումն ու ընտրովի իրավունքը։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 18-ին, հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, որն ընդունել էր արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների մի խմբի, այդ թվում Berliner Zeitung-ի, Independent-ի, The Daily Telegraph-ի, Le Temps-ի, France 24-ի, Le Figaro-ի, TV TF-1-ի թղթակիցներին։

Վարչապետի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ օտարերկրյա լրագրողները, այլ հարցերի թվում հետաքրքրվել են  Վրաստանի կառավարության տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող ճյուղերի համագործակցությամբ, եւ երկրում ընտրովի իրավունքների գործածության հնարավորության հարցով։

«Ես հավաստիացրել եմ լրագրողներին, որ Վրաստանում ընթանում է միայն արդարության վերականգնման գործընթաց եւ չեն լինի ընտրովի իրավունքներ ու քաղաքական հետապնդումներ։ Մենք նաեւ քննարկեցինք տնտեսական հարցեր եւ Վրաստանի հարաբերությունները այլ երկրների, այդ թվում նաեւ Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Իվանիշվիլին հանդիպումից հետո։

Տեղացի լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ Իվանիշվիլին «երգիծական» է անվանել Վրաստանի նախագահի որոշումը՝ ստեղծել հանձնաժողով քաղքացիական հասարակության եւ ազատ լրատվամիջոցների զարգացմանն ուղղված նախագծեր մշակելու մրցույթներ անցկացնելու համար։

«Այդ ես եմ երգիծական գնահատական տալիս այդ քայլին։ Թե ինչ է կատարվել Վրաստանում այդ առումով, դուք բոլորդ ինձնից լավ գիտեք։ Հետեւաբար, այն փաստը, որ Սահակաշվիլին դարձել է ազատ մամուլի պաշտպան՝ երգիծանք է»,- հայտարարել է նա։

Ինչպես հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն, դեկտեմբերի 17-ին Սահակաշվիլիի հրամանով ստեղծվել է հանձնաժողով՝ քաղաքացիական հասարակության եւ ազատ լրատվամիջոցների զարգացմանն ուղղված նախագծեր մշակելու  մրցույթ անցկացնելու համար։ Մրցույթի հաղթողներին, որոնց կընտրի Վրաստանի նախագահը, հատկացվելու է մեկ միլիոն լարի (մոտ 602 հազար դոլար) լրատվամիջոցներին եւ առանցքային կազմակերպություններին դրամաշնորհներ տալու համար։