Այն ամենի համար, ինչին հասել եմ, պարտական եմ մայրիկիս: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Երեւանում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ալեն Դելոնը, ով Հայաստան է ժամանել «Շնորհավոր Ամանոր, մայրիկ» ֆիլմի երեւանյան պրեմիերայի առիթով:

Քանի որ ֆիլմի երկու գաղափարները ամանորյա հրաշքն է եւ մայրական սերը, լեգենդար դերասանին հարցրեցին իր մոր մասին: Նրա պատասխանը ապշեցրեց ներկաներին իր անկեղծությամբ. «մայրս հիմա կլիներ 101 տարեկան եւ եթե նա կենդանի լիներ, ես նրան շքեղ նվերներ չէի տա, այլ պարզապես կփորձեի նրա կողքին լինել ամեն վայրկյան: Այն ամենի համար, ինչին հասել եմ, պարտական եմ մայրիկիս: Այն, ինչ ունեմ հիմա, ես նրանից եմ վերցրել. եթե ես տաղանդավոր եմ, դա նրա տաղանդն է, եթե ես գեղեցիկ եմ, դա նրա գեղեցկությունն է: Մորս հեռանալուց առաջ ես նրան ասացի, որ ինչ արել եմ, ինչի հասել եմ, իր համար եմ արել: Ես երբեք չեմ մոռանա նրա աչքերի հպարտությունը, երբ նա լսեց այդ խոսքերը»,-արցունքն աչքերին պատմեց դերասանը:

Ալեն Դելոնը լրագրողներին պատմեց ոչ միայն մոր հանդեպ ունեցած սիրո մասին: Ինչպես պարզվում է, նա հիմա մենակ է. «Ես ունեցել եմ ու հիմա էլ ունեմ ամեն ինչ, բայց իմ կյանքում սիրո պակաս կա...»,-խոստովանեց լեգենդար դերասանը, ով իր կյանքում կանանց շրջանում ուշադրության պակաս չի ունեցել:

Երեւանյան ասուլիսում եւս լրագրողուհիներից մեկը ֆիլմի մասին հարց տալու փոխարեն պարզապես հարցրեց. «Կարելի՞ է Ձեզ համբուրել»: Ալեն Դելոնը ներկաների ծիծաղի ներքո սիրով համբուրեց աղջկա երկու այտերը:

Հիշեցնենք, որ «Շնորհավոր Ամանոր, մայրիկ» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա դեկտեմբերի 18-ի երեկոյան, «Մոսկվա» կինոթատրոնում: