Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը չէր ցանկանա, որպեսզի իր երկիրը դուրս գա Եվրամիության կազմից, սակայն նաեւ չի բացառում նման հնարավորությունը: Այս մասին նա հայտարարել է Միացյալ Թագավորության խորհրդարանում ունեցած իր ելույթում:

Պատգամավորներից մեկի հարցին, թե «կարո՞ղ է պատկերացնել Լոնդոնն առանց ԵՄ-ի», Քեմերոնը պատասխանել է. «Ես չեմ պաշտպանում այդ տեսակետը եւ դրա վրա ժամանակ չեմ ծախսում: Բայց նաեւ չի կարելի բացառել իրադարձությունների զարգացման որեւէ տարբերակ: Մեր ճակատագիրը մեր ձեռքերում է եւ մենք կարող ենք անկախ որոշումներ կայացնել: Մենք չպետք է վախենանք բաց արտահայտվել մեր հարաբերությունների այն ասպեկտների մասին, որոնք մեզ մոտ դժգոհություն են առաջացնում»:

Ինչպես նշում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Քեմերոնը նկատի է ունեցել Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմում մնալու նպատակահարմարության վերաբերյալ տեղի ունենալիք հանրաքվեն: